Աշխատանքի տոնավաճառ` բոլորի համար

17.11.2017, 17:35
Այսօր ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա 2017թ. միջոցառումների շրջանակում կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառ` բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 13-18 –ն աշխարհի շուրջ 160 երկրներում նշվում է Ձեռներեցություն համաշխարհային շաբաթը (Global Entrepreneurship Week - GEW)։

Նոյեմբերի 17-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում, ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա 2017թ. միջոցառումների շրջանակում կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:

«Այս միջոցառումը ամփոփիչ, եզրափակչ, կուլմինացիոն միջոցառումն է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որոնք կազմակերպվել են դեսպանության կողմից։ Այս շաբաթվա միջոցառումներով մենք շեշտադրում ենք ձեռներեցությունը` մի հատկություն, որը միավորում է մեր երկու երկրները, որով առանձնանում են մեր երկու երկրները։ Այն հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն գաղափարներ, ստեղծարար ձգտումներ, կարողանան այդ ամենը կյանքի կոչել», – տոնավաճառի բացման խոսքում նշեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Միջոցառման ընթացքում շուրջ 28 կազմակերպություններ այցելուների ուշադրությանն են ներկայացնում 170 թափուր աշխատատեղեր:

Միջոցառման ողջ ընթացքում նախասրահում գործում է ընդունարան և ինքնասպասարկման ծառայություն, որի օգնությամբ այցելուները աշխատանքի դիմելու համար լրացնում են կենսագրական և պահանջվող այլ փաստաթղթեր։

Գործատու-աշխատանք փնտրող բանակցությունների համար նախատեսված են առանձին սեղաններ:

Մեկ հարկի տակ ներկայացված են կրթության, շարունակական ուսուցման և զարգացման, զբաղվածության ապահովման կառույցները: 

Բացի աշխատանքի և կրթության տոնավաճառից, միջոցառման շրջանակում անցկացվում են  նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ, թրեյնինգներ և սեմինարներ։

Ինչպես նշեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի համակարգող Հայկուհի Գևորգյանը, սա միջոցառում է բոլորի համար։

ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված այս միջոցառումը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին և գաղափար ունեցողներին հանդիպել իրար, քննարկել և հաջողության հասնել։–0–