Երևանում, հնարավոր է, թանկանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը

09.01.2018, 18:18
Երևանում 2018 թ.–ին, հնարավոր է, բարձրանա հասարակական տրանսպորտի սակագինը:
Երևանում, հնարավոր է, թանկանա հասարակական տրանսպորտի ուղեվարձը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում 2018 թ.–ին, հնարավոր է, բարձրանա հասարակական տրանսպորտի սակագինը, երեքշաբթի հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Թանկացման հիմնական պատճառը կարող է դառնալ ավտոտրանսպորտի համար հեղուկ գազի ակցիզային հարկի ավելացումը։ Սակայն անգամ գազի նոր գների դեպքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման սուր անհրաժեշտություն չկա, և այն պետք է մնա 100 դրամ (մոտ 25 ցենտ)», – հայտարարեց Չիլինգարյանը։

2018 թ.–ից բենզալցակայաններում հեղուկ գազի ակցիզային հարկի գինն ավելացել է` 8330 դրամից (մոտ 17 դոլար) դառնալով 25 հազար դրամ (մոտ 50 դոլար) հազար խորանարդ մետրի համար։ Դիզելային վառելիքի հարկի գինը նվազել է` 32,5 հազար դրամից (66 դոլար) դառնալով 13 հազար դրամ (մոտ 26 դոլար) մեկ տոննայի համար, սակայն ներդրվել է ԱԱՀ։

Չիլինգարյանի կարծիքով, հնարավորություն կա հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների աճը զսպելու համար։ Նա բերեց Վրաստանի օրինակը։

«Թբիլիսիում ավտոբուսի և մետրոյի ուղեվարձն արժե 50 տետրի (19 ցենտ)։ Իհարկե, երթուղայինի ուղեվարձը 80 տետրի է (31 ցենտ), սակայն մետրոյի և ավտոբուսների ցանցը քաղաքում շատ ավելի լայն է։ Բացի այդ, օրվա ընթացքում երկրորդ և երրորդ անգամ ուղևորվելու դեպքում ուղեվարձը նվազում է։ Ինչպե՞ս են նրանք դա անում։ Պետությունը սուբսիդավորում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, որ մենք ևս պետք է դիմենք նման քայլի», – հայտարարեց Չիլինգարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Թբիլիսիում ուսանողներն ու թոշակառուները վճարում են ուղեվարձի 40%–ը, իսկ դպրոցականներն ընդհանրապես անվճար են օգտվում։ Չիլինգարյանը կոչ արեց իշխանություններին ուսումնասիրել վրացի գործընկերների փորձը։

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել 2000–ականների կեսերից։ Այսօր այն կազմում է 100 դրամ (մոտ 0,2 դոլար)։

2013 թ.–ին Երևանի քաղաքապետարանը որոշեց թանկացնել ուղեվարձը` 100 դրամից դարձնելով 150 դրամ, ինչը հանգեցրեց հասարակական մեծ բողոքի։ Քաղաքացիական ակտիվիստների գործողությունների արդյունքում` 2013 թ.–ի հուլիսի 25–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրավիրեց խորհրդակցություն` քաղաքային տրանսպորտի համար պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարեց չեղյալ հայտարարել իր իսկ որոշումը, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։–0–