Երևանում 11-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վթարի մասնակիցներից Honda-ի և Hummer–ի վարորդները կալանավորվեցին

08.09.2017, 16:30
Սեպտեմբերի 5–ին Երևանում` Աճառյան փողոցում, տեղի է ունեցել ահասարսուռ ավտովթար։
Երևանում 11-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վթարի մասնակիցներից Honda-ի և Hummer–ի վարորդները կալանավորվեցին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում 11 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանքաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են«Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է:

Իսկ «Հոնդա » մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը և հեռացել:

Загружается новость ... "Лево"

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը), իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Սեպտեմբերի 5–ին Երևանում` Աճառյան փողոցում, տեղի է ունեցել ահասարսուռ ավտովթար։ Ժամը 13։00-ի սահմաններում բախվել են Opel, Hummer և Nissan մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel–ի ուղևորը` 11 տարեկան աղջիկը տեղում մահացել է, նրա գլուխը մարմնից կտրվել է, 2 մարդ էլ հոսպիտալացվել է։–0–