«Նորդավիա» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգից Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի

15.01.2016, 19:15
«Նորդավիա» ՓԲԸ–ն Ռոսավիացիայի կողմից նշանակվել է Սանկտ Պետերբուրգ–Երևան–Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղևորների, բեռների, ուղեբեռի և նամակների կանոնավոր ավիափոխադրող։  
«Նորդավիա» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգից Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նորդավիա–տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ–ն Ռոսավիացիայի կողմից նշանակվել է Սանկտ Պետերբուրգ–Երևան–Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղևորների, բեռների, ուղեբեռի և նամակների կանոնավոր ավիափոխադրող։  

Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, ավիաընկերությունը նշանակվել է կանոնավոր ավիափոխադրող ՌԴ ԱԳՆ–ի նոտայի հիման վրա և օդային հաղորդակցության մասին ՌԴ ու ՀՀ կառավարությունների 1993 թ.–ի հոկտեմբերի 4–ի համաձայնագրի 4–րդ հոդվածի համաձայն։ 

Չվերթերն իրականացվելու են շաբաթը երեք անգամ։ 

«Նորդավիա–տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ ավիաընկերությունը («NORDAVIA – regional airlines») իրականացնում է կանոնավոր և չարտերային ավիափոխադրումներ ռուսական և օտարերկրյա ավելի քան 30 օդանավակայաններ։ Ավիաընկերության պարկում կա Boeing 737-500 տիպի 9 ինքնաթիռ։

2009 թ.–ին ավիաընկերությունը ստացել է IOSA–ի սերտիֆիկատ` որպես անվտանգության և ծառայությունների որակի միջազգային վկայական։ 2011 թ.–ից Նորդավիան դարձել է IATA–ի անդամ։ 

2013 թ.–ի հոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և երկարատև ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։ –0–