Մեղրիի ԱՏԳ-ն կարող է օգնել ռուսական բիզնեսին խորացնել համագործակցությունը Իրանի հետ. Սոկոլով

12.02.2017, 13:39
Սոկոլովի խոսքով, այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:
Մեղրիի ԱՏԳ-ն կարող է օգնել ռուսական բիզնեսին խորացնել համագործակցությունը Իրանի հետ. Սոկոլով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ՝ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Սոկոլովի խոսքով, այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար: 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջընթաց քայլեր: 

Բարձր գանահատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ Կարապետյանը կրկին նշել է, որ առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար:

Այդ առումով, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում և նպաստել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և գոհունակությամբ նշել, որ ռուսական կողմի հետ արդեն իսկ հստակ քայլեր են իրականացվում գյուղտեխնիկայի մատակարարման գործընթացի ուղղությամբ: 

Կարապետյանը և Սոկոլովն անդրադարձել են նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը:

Կարապետյանը և Սոկոլովը, ով Հայաստան է ժամանել ԵՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով, պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդել երկկողմ առևտրատնտեսական կապերին: -0-