Հայկական թիմը հայտնվել է Eurasia Mobile Challenge մրցույթի հաղթողների շարքում և կմեկնի Բարսելոնա

26.01.2017, 17:24
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline)  հայտարարել է Երևանում կայացած Eurasia Mobile Challenge եզրափակչի հաղթողների անունները:
Հայկական թիմը հայտնվել է Eurasia Mobile Challenge մրցույթի հաղթողների շարքում և կմեկնի Բարսելոնա
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Երևանում կայացած Eurasia Mobile Challenge եզրափակչի հաղթողների անունները:

Ընկերության հաղորդմամբ, երեք հաղթող թիմերը կմասնակցեն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

Eurasia Mobile Challenge-ը ՎիմպելԿոմի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը ութ մասնակից երկրներից ներկայացրեցին իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ:

Ընկերության հաղորդագրության համաձայն, առաջին տեղը զբաղեցրել է ConfBot թիմը Ռուսաստանից` մրցանակը կազմում է 20,000 ԱՄՆ դոլար, երկրորդը՝ Earlyone թիմը Հայաստանից` մրցանակը 15,000 ԱՄՆ դոլար, և երրորդն է Treepex թիմը Վրաստանից՝ 10,000 ԱՄՆ դոլար:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկի խոսքով, այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ:

«Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն` մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը», - ասել է Գերչուկը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով, ընկերությունում ուրախ են, որ կարողացել են հյուրընկալել բոլոր ցանկացողներին` Հայաստանում Eurasia Mobile Challenge եզրափակչի շրջանակում:

«Կրկնակի ուրախ եմ, որ հաղթող թիմերի կազմում է նաև մեր հայկական թիմը, որը ցուցաբերեց համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում։ Մեզ համար շատ նշանակալի է այս հաղթանակը։ Եկեք մաղթենք հաջողություն մեր թիմերին Բարսելոնի Global Mobile Challenge եզրափակչում և հաղթանակ», - նշել է նա:

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-