ՀՀ նախագահը ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման միտումները

17.12.2016, 11:25
Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման արդի միտումները՝ համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում:
ՀՀ նախագահը ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման միտումները

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման արդի միտումները՝ համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր: 

«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և, այդ միությանն անդամակցելով, ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին», - ասել է նախագահը: 

Նրա խոսքով, այս ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, և ընդամենը տասն օր հետո հնարավոր կլինի որոշակի արդյունքներ ամփոփել: 

Նախագահը կարևորել է դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատել պարզեցված և ժամանակակից միջոցներով: 

Սարգսյանն ընդգծել է նաև դեպի երրորդ երկրներ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը՝ նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը:

«Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի և մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը», - նշել է նախագահը:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են այն առաջնայնությունները, որոնք ՀՀ նախագահի կարծիքով պետք է լինեն ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով խորացնել ինտեգրացիոն միությունը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձևավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ՝ քաղաքական գործիչների մոտ: -0-