Երևանում գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է

19.07.2016, 11:12
Իրավիճակը Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքի մոտակայքում այս պահի դրությամբ հանգիստ է:
Երևանում գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրավիճակը Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքի մոտակայքում, որը կիրակի գրավվել է կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցների կողմից, այս պահի դրությամբ հանգիստ է, երեքշաբթի իրադարձությունների վայրից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նախօրեին երեկոյան մի քանի տասնյակ ցուցարարներ հասան զինված խմբավորման կողմից զավթած ՊՊԾ գնդի շենքի տարածք` պահանջելով թույլ չտալ շենքի ուժային ազատում։

«Երեքշաբթի առավոտյան ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է: Խորենացի փողոցի վրա, ինչպես և նախորդ օրերին, բեռնատար ավտոմեքենաները արգելափակում են ճանապարհային երթևեկությունը, տեղում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները», - հաղորդում է թղթակիցը։

Դեպքի վայրում աղբահանման մեքենաները և հավաքարարները մաքրում են տարածքը:

Հակաահաբեկչական միջոցառումներին խոչընդոտելու դեպքում կիրառվելու են համարժեք միջոցներ. ոստիկանություն>>

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Եվս մեկ պատանդ ազատ է արձակվել ՊՊԾ գնդի շենքի տարածքից. ԱԱԾ>>

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-