Երևանում մանկական անիմացիոն ստուդիա կբացվի

24.12.2015, 13:33
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիային կից մանկական անիմացիոն ստուդիա կբացվի, հինգշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ստուդիայի ղեկավար, ռեժիսոր–մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Երևանում մանկական անիմացիոն ստուդիա կբացվի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիային կից մանկական անիմացիոն ստուդիա կբացվի, հինգշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ստուդիայի ղեկավար, ռեժիսոր–մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս ստուդիան նոր տարածք է տեղափոխվել, որը գտնվում է Երևանի կենտրոնական մասում, որտեղ մոտ ապագայում նոր անիմացիոն կենտրոն կբացվի։

«Կենտրոնին կից նախատեսվում է բացել մանկական անիմացիոն ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ստեղծել մուլտֆիլմեր և հաղորդակից լինել անիմացիայի արվեստին», – պարզաբանեց նա։

Սահակյանցի խոսքով` կենտրոնում կգործի նաև կինոթատրոն, որտեղ կկազմակերպվեն մուլտֆիլմերի ցուցադրություններ։ «Նախատեսում ենք ցուցադրել ինչպես խորհրդային տարիների մուլտֆիլմեր, այնպես էլ ժամանակակից, օտարերկրյա ֆիլմեր», – ասաց նա։

Այս կապակցությամբ նա ավելացրեց, որ կենտրոնը կսկսի լիարժեք աշխատել որոշ, այդ թվում` ֆինանսական հարցերի կարգավորումից հետո։ «Հուսով ենք, որ դա տեղի կունենա 2016 թ.–ին չնայած ավելի վաղ նախատեսվում էր կենտրոնը բացել այս տարվա սեպտեմբերի 1–ից», – ասաց նա։

Խոսելով Հայաստանում անիմացիոն կինոյի ոլորտի մասին` մուլտիպլիկատորը նշեց, որ իրենց ստուդիայից բացի, երկրում գործում են մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվող ևս մի քանի խմբեր, և նրանք ունեն բավականին հաջող աշխատանքներ։ Սակայն, նրա խոսքով` այդ աշխատանքների արդյունքները գրեթե չեն երևում։

«Հնարավոր է` խնդիրն այն է, որ հեռուստաալիքները չեն ցուցադրում այդ ֆիլմերը կամ այն, որ կարճամետրաժ ֆիլմի ձևաչափը շատ բարդ է նրա հետագա տարածման տեսակետից։ Սա լիարժեք ֆիլմ չէ, որը կարելի է ցուցադրել կինոթատրոններում», – պարզաբանեց Սահակյանցը։

Այս կապակցությամբ նա նաև նշեց, որ անիմացիոն կինոմատոգրաֆի, ինչպես ցանկացած այլ ոլորտում առաջընթացի հասնելու համար հարկավոր է ֆինանսավորում։–0–