Չեխիայի նախագահ. Չեխիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

07.06.2016, 19:14
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ ցանկանում է դիմել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին` կոչ անելով հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի նախագահ. Չեխիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիայի նախագահ ՄԻլոշ Զեմանը հայտարարել է, որ ցանկանում է դիմել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին` կոչ անելով հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել 1915–1918 թթ.–ին Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է parlamentnilisty.cz չեխական կայքը։

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

«Հայաստան այցելելուց հետո ուզում եմ կոչով դիմել Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն ոչ միայն Գերմանիայի Բունդեսթագի և Ֆրանսիայի խորհրդարանի օրինակին, որտեղ ընդունվել են համապատասխան օրենքներ, այլ նաև պետք է հետևենք Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ երկրների օրինակին, քանի որ կարծում եմ, որ մենք այս ոլորտում փոքր–ինչ հետ ենք մնում», – նշել է Զեմանը։

Նա ավելացրել է, որ Հայաստան նախատեսված այցից հետո պատրաստվում է հանդիպել Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

Այցի շրջանակում նախատեսված են Չեխիայի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:–0–