Արմեն Սարգսյանը քննարկել է ներքաղաքական իրավիճակը ՀՀ–ում հավատարմագրած դեսպանների հետ

04.05.2018, 15:56
Նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին:
Արմեն Սարգսյանը քննարկել է ներքաղաքական իրավիճակը ՀՀ–ում հավատարմագրած դեսպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում: -0-