Արցախում մահացած ժամկետային զինծառայողին սպանել են. պարզվել են հանգամանքները

16.04.2018, 18:40
Արցախում մահացած ժամկետային զինծառայողին սպանել են, պարզվել են հանգամանքները:
Արցախում մահացած ժամկետային զինծառայողին սպանել են. պարզվել են հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Հարուցվել է քրեական գործ սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին ժամը 19:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: 

Նախաքննությունը շարունակվում է:–0–