ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սամվել Բալասանյանն իր թիմակիցների և մտերիմների հետ այս պահին արդեն իսկ տոնում է իր վերահաս հաղթանակը` տեղական ընտրություններից հետո, գրում է «Հրապարակ» թերթը:
Ինչպես նշում է պարբերականը, վաղվա` նորընտիր ավագանու առաջին նիստը առանձնահատուկ է լինելու` փակ քվեարկությամբ Սամվել Բալասանյանը վերընտրվելու է քաղաքապետ, քանի որ մանդատների զգալի քանակը «Բալասանյան» դաշինքն է ստացել:
Մինչդեռ մանդատներ ստացած ևս երեք կուսակցությունները` ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն և ՀՎԿ-ն, պատրաստվում են բոյկոտել առաջին նիստը: Կուսակցությունները հայտարարում են, որ նիստին չեն մասնակցելու, մանդատներից էլ չեն հրաժարվելու, նիստերին շարունակաբար չմասնակցելով, խոչընդոտելու են ավագանու աշխատանքը:
Նշվում է, որ այսօր հարյուրավոր գյումրեցիներ ընտրական հանձնաժողովի որոշումից դժգոհ ոտքի էին կանգնել, քաղաքով երթ կազմակերպել և պատրաստվում էին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնել: Սակայն ըմբոստ գյումրեցիները մտափոխվել են և վաղը կայանալիք ավագանու նիստի ընթացքում հավաքվելու են քաղաքապետարանի մոտ, որտեղ տեղի կունենա նիստը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում