Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)

14.09.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։ 

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ «Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները», – նշել է ՀՀ վարչապետը: Նրա այս հայտարարությանը հետևեց Ամուլսարի շահագործման դեմ երթը, որի մասնակիցները սեպտեմբերի 20–ը հայտարարեցին բնապահպանական մոբիլիզացման օր։ 

  • Սպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել: Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում

  • Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը։ 

  • Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ երեք անձանց, այդ թվում` Լյովա Սարգսյանը, որպես մեղադրյալներ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման ընթացքում տեղ գտած ակնհայտ չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի քննության շրջանակում։

  • ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան հնարավոր այցը։–0–