Լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում. ԱԻՆ–ը` նախօրեին գրանցված երկրաշարժի մասին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11.09.2019, 10:47
Սեյսմիկ ծառայությունը ներկայացրել է սեյսմոլոգիական տվյալներ նախօրեին Հայաստան–Վրաստան սահմանային գոտում գրանցված հզոր երկրաշարժից հետո։
Լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում. ԱԻՆ–ը` նախօրեին գրանցված երկրաշարժի մասին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ներկայացրել է սեյսմոլոգիական տվյալներ նախօրեին Հայաստան–Վրաստան սահմանային գոտում գրանցված հզոր երկրաշարժից հետո։

«Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ:

Սեյսմիկ ծառայությունից հաղորդում են նաև, որ սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻ նախարարությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան:

«Եթե կնկատվեն խնդիրներ, խնդրում ենք ահազանգել «911» ծառայության հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել:

Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:–0–