Երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 30 հետցնցում. Շիրակի մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ գտնվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։
«Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։ Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։ Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։ Բարի գիշեր», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել:
Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:–0–

