Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 29–ից մայիսի 3)

04.05.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 29–ից մայիսի 3)։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 29–ից մայիսի 3)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (ապրիլի 29–ից մայիսի 3)։

  • Աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա, մասնավորապես, ժամանել էր Հայաստան Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեդվեդևին հյուրընկալել էր կառավարական առանձնատանը։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Հայաստանի վարչապետն այս համատեքստում կարևորել է Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և Հայաստանի մասնակցությունն այդ կազմակերպությունում։ ՌԴ վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իր նստավայր հրավիրելու և ոչ պաշտոնական մթնոլորտում շփվելու համար։ «Դա միշտ թանկ է գնահատվում, դա հնարավորություն է ընձեռում միմյանց ավելի լավ ճանաչելու, երկկողմ գործակցության տարբեր ասպեկտների մասին ոչ պաշտոնական միջավայրում խոսելու համար», – նշել է Ռուսաստանի վարչապետը։

  • Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը, երեքշաբթի Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը Ղազարյանին գրավի դիմաց ազատելու մասին:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ռեպլիկը Երևանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը դարձել է սոցցանցերում օգտատերերի բուռն քննարկումների պատճառ։ Նշենք, որ ապրիլի 30–ին նիստի ժամանակ, երբ Փաշինյանն առաջարկել է մասնակիցներին անցնել ընդունված փաստաթղթերի ստորագրման ընթացակարգին, Մեդվեդևն անսպասելիորեն ընդհատել է վարչապետին և ժպիտով նշել. «Ոչ, ու՞ր անցնել»։ «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում։

  • ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` կոչ անելով սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել բիզնես գործունեության մասին։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին՝ պահանջելով սկսել քրեական հետապնդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապրիլի 19–ին լրագրողների հետ զրույցում տրված գնահատականների կապակցությամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հարցով։ Ինչպես հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։
  • Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի սկանդալային հայտարարությունը, ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել տեսաձայնագրություն, որը ապացուցում է Սանասարյանի մեղքը: Սանասարյանն իր հերթին հերքել է այդ տեղեկությունները և հայտարարել, որ պատրաստ է ձեռքը կտրել այն լրատվամիջոցի խմբագրությունում, որը կհրապարակի այդ տեսանյութը: «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու», - ասել է Վանեցյանը:–0–