Նոր ծրագիր ՀՀ գյուղերում. ամեն նորածնին, հնարավոր է, միանվագ տրամադրվի 1000$ և ամսական 100 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել է Հայաստանի սահմանամերձ գյուղերում ծնելիության խթանմանն ուղղված խոշոր ծրագրի իրականացման մասին։
«Տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին»,– գրել է Արման Բաբաջանյանն իր Facebook-յան էջում։
Բաբաջանյանի խոսքերով, ծրագիրը նախատեսում է ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:
Նա մեկնաբանել է, որ ծրագրում կարող են ընդգրկվել վերջին երեք տարվա սահանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողների նոր ծնված երեխաները։ Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:
«Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը»,– եզրափակել է Արման Բաբաջանյանը։ –0–