ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվան ընդառաջ է գնացել Անկարային վերջինիս կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ռուսական կողմն ընդառաջ է գնացել Անկարային ինչպես զենիթահրթիռային համալիրների գների և մատակարարման ժամկետների հարցում, այնպես էլ համատեղ արտադրության հաստատման և տեխնոլոգիաների փոխանցման համատեքստում», – նշել է նա։
Նախագահի խոսքով, Թուրքիան «С-400 ձեռքբերմանը զուգահեռ շեշտադրում է հակահրթիռային պաշտպանության հայրենական համակարգերի արտադրությունը»։
«Հենց սրա հետ է կապված ASELSAN և ROKETSAN թուրքական կոնցեռների և EUROSAM եվրոպական պաշտպանական կոնցեռնի հետ վերջերս կնքված համաձայնագիրը», – ասել է Էրդողանն ու հավելել, որ Թուրքիան «ապագայում նախատեսում է չգնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր արտերկրից և մտադիր է արտադրել սեփական համակարգերը»։–0–