Ջորկաեֆ. Ես երջանիկ կլինեմ Հայաստանի հավաքականի մարզիչ դառնալ

02.10.2015, 21:45
Հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հայտնել է, որ երջանիկ կլիներ Հայաստանի հավաքականի մարզիչ դառնալ։
Ջորկաեֆ. Ես երջանիկ կլինեմ Հայաստանի հավաքականի մարզիչ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ֆրանսահայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հայտնել է, որ երջանիկ կլիներ Հայաստանի հավաքականի մարզիչ դառնալ։

Սակայն, ֆուտբոլիստի խոսքերով, դա իրենից կախված չէ։

«Ես այն մարդը չեմ, ով լուծում է այդ հարցը, սակայն վատ չէր լինի։ Իմ երակներում հայկական արյուն է հոսում, և ես կցանկանայի օգնել Հայաստանի հավաքականին», – ավելացրեց ֆուտբոլիստը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

2015 թվականի մարտին շվեյցարացի մասնագետ Բերնար Շալանդի կողմից պաշտոնը լքելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել։ Ապրիլի վերջին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանը։

Խոսելով Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին` Ջորկաեֆը նշել է, որ թիմին մեծ ապագա է սպասում։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը մեծ ապագա ունի։ Չնայած որ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում նա վատ խաղաց», – նշել է Ջորկաեֆը։

Նրա խոսքերով` Հայաստանում նոր մարզադաշտեր, ենթակառուցվածքներ են կառուցվում, ինչը հետագայում կարող է դրական ազդել ֆուտբոլիստների խաղի որակի վրա։

«Հատկապես հեռանկարներ եմ տսնում մանկական ֆուտբոլում։ Հայաստանը սպորտային երկիր է, այստեղ ամեն ինչ արվում է երիտասարդ մարզիկներին  աջակցելու համար», – ասել է ֆուտբոլիստը։

Ուրբաթ Երևանում տեղի ունեցած բարեգործական ընկերական հանդիպման ժամանակ Ջորկաեֆը խաղաց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի հավաքականի կազմում լրագրողների թիմի դեմ, որի կազմում խաղաց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը։

Ֆուտբոլային խաղի ողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի աշակերտների և Գավառ քաղաքի մանկատան սաների համար սպորտային հանդերձանք գնելուն։

Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ջորկաեֆի հավանական նշանակման մասին լուրերը պտտվում էին դեռ 2010 թվականին, սակայն ավելի ուշ դրանք չհաստատվեցին։ -0-