ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին հույս է հայտնել, որ թուրք դատավորները, ովքեր դատելու են Թուրին «Յուվենտուսի» և իսպանական «Բարսելոնայի» խաղը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իտալացիների օգտին սխալներ թույլ չեն տա, հակառակ դեպքում բոլոր ֆուտբոլային երկրպագուները կարող են դրանում մեղադրել հենց իրեն։
ՈՒԵՖԱ 2014-2015 Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղը «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև, որը կկայանա հունիսի 6–ին Բեռլինում, կսպասարկի թուրք դատավորների բրիգադը` Ջունեյթ Չաքըրի գլխավորությամբ։
«Ես հուսով եմ, որ դատավորը սխալ թույլ չի տա եզրափակչում «Յուվենտուսի» օգտին, հակառակ դեպքում դրանում կմեղադրեն ինձ»,– ասել է Պլատինին Երևանում կայացած ճեպազրույցում։
Ըստ նրա` ինքը շատ ուրախ է, որ իտալական թիմը կրկին Լիգայի չեմպիոնների եզրափակչում է։
«Դա ցուցանիշ է, որ իտալական ֆուտբոլը վերադարձնում է իր բարձր որակը։ Հույս ունեմ, որ եզրափակչում կհաղթի ուժեղագույն թիմը, քանի որ այստեղ ես չեզոք դիրք եմ զբաղեցնում և երկրպագում եմ բոլորին»,– ասաց նա։
Միշել Պլատինին «Յուվենտուսն» էր ներկայացնում 1982-1987 թվականներին։ Իտալական ակումբի կազմում լեգենդար ֆրանսիացին դարձել է «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեկօրյա այցի շրջանակում ՈՒԵՖԱ–ի ղեկավարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև ճեպազրույց տվել հայ լրագրողներին։
Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:–0–