Օզբիլիս. «Իմ ասածն աղավաղել են»

29.04.2015, 16:29
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը նախօրեին հրապարակված հարցազրույցում քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին, «Чемпионата»–ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ իր խոսքերը խեղաթյուրել են։
Օզբիլիս. «Իմ ասածն աղավաղել են»

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը նախօրեին հրապարակված հարցազրույցում քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին, «Чемпионата»–ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ իր խոսքերը խեղաթյուրել են։

«Այո, ես հասկանում եմ, որ, հնարավոր է, չմտածված քայլ եմ կատարել` խոսել եմ լրագրողի հետ առանց «Սպարտակի» մամուլի կցորդի թույլտվության։ Այդպիսով խախտել եմ ակումբի փիար–քաղաքականությունը և, բնականաբար, պատրաստ եմ պատիժ կրել։ Բայց երբ այսօր կարդացի հարցազրույցը, անկեղծ ասած, շոկի մեջ էի։ Նախևառաջ, տվյալ հարցազրույցում ես չեմ հիշատակել որևէ ֆուտբոլիստի անուն։ Դա միայն իմ խնդիրն է, և ոչ ոքի այստեղ խառնել չեմ ցանկանում։ Իմ անունից իբր ասված խոսքերն այն մասին, որ «Սպարտակի» խաղացողները չեն հասկանում, թե ինչ է կատարվում թիմում, սուտ է»,– ասել է Օզբիլիսը։

«Եվ հետո ես ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ իմ հարազատներն են ապրում, ես խոսում եմ թուրքերեն նաև Մուրադ Յակինի հետ, և թուրքերի շրջանում բազմաթիվ ընկերներ ունեմ։ Այդ պատճառով ոչ մի ազգային հարցի մասին խոսք լինել չի կարող։ Հնարավոր է` թղթակիցը պարզապես փորձել է սեփական մտքերն իմ մտքերի փոխարեն ներկայացնել` դրանով իսկ աղավաղելով իմաստը։ Ես առարկել եմ և ասել, որ ինչ–որ մեկը կարող է նման ենթադրություններ ունենալ, բայց ոչ ես»,– ասել է ֆուտբոլիստը։ -0-