ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ բրազիլացիներն աշխարհի առաջնությունում զբաղեցրեցին չորրորդ տեղը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Globo-ին:
Սկոլարին հոլանդացիների հետ երրորդ տեղի համար կայացած հանդիպումից հետո (0:3) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հավաքականում իր ապագան կորոշի Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF): Ըստ հրատարակության տվյալների՝ CBF-ն արդեն կայացրել է իր վճիռը՝ պաշտոնանկ անելով Սկոլարիին և մարզչական շտաբի մնացած անդամներին, ինչպես նաև տեխնիկական տնօրեն Կառլոս Ալբերտո Պարեյուին: Ենթադրվում է, որ երկուշաբթի այս մասին կհայտարարվի պաշտոնապես:
Բրազիլացիներն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ջախջախիչ պարտություն կրեցին 1:7 հաշվով` զիջելով աշխարհի ապագա չեմպիոն գերմանացիներին:-0-