Բրազիլիայի հավաքականի բժիշկը հերքել է ԱԱ-ի եզրափակչում Նեյմարի հնարավոր մասնակցության մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիս Ռունկոն հերքել է խոսակցություններին այն մասին, թե Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է դաշտ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Globoesporte հրատարակությունը տեղեկացրել էր, որ վնասվածք ստացած հարձակվողը, բժիշկների գնահատմամբ, հնարավոր է մասնակցի եզրափակչին, եթե բրազիլացիները հայտնվեն այնտեղ: Ենթադրվում էր, որ Նեյմարին խաղի ժամանակ ցավազրկող կներարկեն: Այս տեղեկատվությունը հայտնել էին «Սանտոս» ակումբի բժիշկները, ովքեր այցելել էին ֆուտբոլիստին:
«Ցանկանում ենք պարզաբանել, որ «Սանտոս» ակումբի բժիշկների այցը միայն քաղաքավարության այց էր և ոչ ավելի: Այս թեմայով ցանկացած այլ տեղեկատվություն սադրանք է: Նեյմարի դաշտ վերադառնալը կախված է ցավին դիմանալու նրա ունակությունից և բնական ճանապարհով նրա վերականգնումից: Ֆուտբոլիստի վերականգնման ոչ մի այլընտրանքային մեթոդ մենք չենք դիտարկում», - insidespanishfootball.com-ը մեջբերում է Բրազիլիայի հավաքականի բժիշկի խոսքերը՝ հղում անելով Globo TV-ին:
Ավելի վաղ Ռունկոն տեղեկացրել էր, որ Նեյմարը կվերականգնվի 40-45 օրում, ոչ մի նյարդաբանական խախտում չի բացահայտվել, այդ պատճառով ֆուտբոլիստի կարիերային ոչինչ չի սպառնում:
Բրազիլացիները հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում կայանալիք կիսաեզրափակչում ուժերը կչափեն Գերմանիայի հավաքականի հետ: Հուլիսի 9-ին Սան Պաուլու քաղաքում եզրափակչի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Արգենտինայի և Հոլանդիայի հավաքականները:-0-