ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և նրա հետ քննարկել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և շախմատի զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկրի գիտակրթական ներուժը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը և ՏՏ ոլորտում գործող մի շարք ընկերությունների ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ նախագահը, ով նաև գլխավորում է երկրի շախմատի ֆեդերացիան, ընդգծեց, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը.
«Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն:», - նշել է ՀՀ նախագահը:
Հայաստանի շախմատի հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006 թ.-ն՝ Թուրին, 2008 թ.-ն՝ Դրեզդեն և 2012 թ.-ն՝ Ստամբուլ):
Կառլսենն իր հերթին ևս մեծ պատիվ է համարել, իր բնորոշմամբ, շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը:
«Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը, այսպիսի մոտեցմամբ և հատկապես շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է»,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:
Շախմատի աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կառլսենը գտնվում է Հայաստանում հունիսի 22-24-ը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով: Այցի ընթացքում Կառլսենը հանդիպել է բարձրաստիճան պետական գործիչների և Հայաստանի հոգևորականության, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և շախմատիստների հետ:-0-