ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը որոշել են չմասնակցել Սոչիում անցկացվող արագավազքի մրցաշարին` հաջորդ դիսցիպլիններին ավելի լավ մարզավիճակում հանդես գալու համար, հաղորդվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքում։
«Մեր դահուկավազորդները հնարավորինս լավ հանդես գալու նպատակ են հետապնդում։ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշեցին չմասնակցել այսօր մեկնարկող արագավազքի մրցաշարին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 9–ին հայ դահուկավազորդներ Միքայելյանն ու Եղոյանը զբաղեցրել էին, համապատասխանաբար, 46–րդ և 63–րդ տեղերը Սոչիի Օլիմպիադայի շրջանակներում անցկացվող սկիատլոնի մրցումների (15 կմ դասական ոճով + 15 կմ ազատ ոճով) 68 մասնակիցների շրջանում։
Միքայելյանը գրանցել է 1:13:16.6 արդյունքն ու մրցումների հաղթող շվեյցարացի Դարիո Կոլոնյային (1:08:15.4) զիջել է մոտ հինգ րոպե։ 1:17:44.5 արդյունք գրանցած Եղոյանը զիջել է չեմպիոնին մոտ իննուկես րոպե։ Սկիատլոնի մրցումներում արծաթե մեդալ է նվաճել շվեդ Մարկուս Խելները (1:08:15.8), բրոնզե մեդալակիր է դարձել նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն (1:08:16.8)։
Ինչպես հաղորդվում է ՀՀ ԱՕԿ–ի կայքում, դահուկավազորդները հայտավորվել են փետրվարի 14 –ին կայանալիք 15 կմ դասական ոճի մրցումներին։ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23 –ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի դահուկավազքում:
Փետրվարի 13 –ին կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում հայտավորված է նաև գյումրեցի Կատյա Գալստյանը
Իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19 –ին և 22 –ին իր ունակությունները կդրսևորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:–0–