ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տուգանվել է 8 հազար դոլարով Մելբուռնի կորտերում այս օրերին անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության հանդիպումից հետո ոչ մարզական վարքի և անվայել արտահայտությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:
Չորեքշաբթի երկրորդ շրջանակի փուլի ժամանակ 4 ժամ 41 րոպե տևած հինգ սեթանոց հանդիպման ժամանակ Նալբանդյանը 6:4, 3:6, 6:2, 6:7 (5:7), 8:10 հաշվով զիջել է ամերիկացի Ջոն Իզներին: Վճռորոշ՝ հինգերորդ փուլի ժամանակ, 8:8 հաշվի դեպքում Նալբանդյանը խնդրել է Hawk Eye համակարգի օգնությամբ ստուգել ՝ արդյո՞ք Իզները հարվածել է կորտի սահմաններից ներս:
Սակայն հանդիպման մրցավար Կադեր Նունին մերժել է՝ որոշելով, որ նա շատ ուշ է խնդրել «չելենջը»: Նալբանդյանը երկար ժամանակ հարաբերություններ է պարզել մրցավարի և մրցաշարի ադմինիստրատորի հետ: Արդյունքում միավորը հաշվարկվել է Իզների օգտին: Ամերիկացին հաղթել է Նալբանդյանին:
Հանդիպումից հետո Նալբանդյանը մեկնաբանել է մրցավարի որոշումը: «Պարզապես ծիծաղելի է, որ նման մակարդակի մրցաշարը սպասարկում են նման մրցավարերը: Պետք է բութ լինել՝ նման իրավիճակում նման որոշում կայացնելու համար», - ասել է արգենտինացին:-0-