Լևոն Արոնյանը մտադիր է Եվրոպայի առաջնության ժամանակ ցուցադրած խաղի որակը տեղափոխել Տալի հուշամրցաշար

16.11.2011, 15:04
Լևոն Արոնյանը մտադիր է Եվրոպայի առաջնության ժամանակ ցուցադրած խաղի որակը տեղափոխել Տալի հուշամրցաշար
Լևոն Արոնյանը մտադիր է Եվրոպայի առաջնության ժամանակ ցուցադրած խաղի որակը տեղափոխել Տալի հուշամրցաշար

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է, որ իր առջև խնդիր է դրել Հունաստանում վերջերս կայացած Եվրոպայի թիմային առաջնության ժամանակ ցուցադրած խաղի որակը տեղափոխել լեգենդար շախմատիստ, աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշար:

Արոնյանը մրցաշարի երրորդ վարկանիշային ֆավորիտն է նորվեգացի Մագնուս Կառլսենից և հնդիկ Վիշվանաթան Անանդից հետո: Շրջանակային համակարգով անցկացվող մրցույթին կմասնակցեն նաև իսրայելցի Բորիս Գելֆանդը, ռուսներ Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու ամերիկացի Խիկարու Նակամուրան:

«Կարծում եմ, որ չի կարելի որևէ մեկին մրցաշարի ֆավորիտ համարել մասնակիցների նման ուժեղ կազմի դեպքում», - ասել է Արոնյանը: «Ավելին, որ նախորդ հուշամրցաշարերը ցույց են տվել, որ միշտ հաղթում են տարբեր շախմատիստներ, և բավականին շատ անսպասելի դեպքեր են գրանցվում: Հուսով եմ, որ այն խաղը, որը ես ցուցադրեցի Եվրոպայի առաջնության եզրափակչում, կկարողանամ տեղափոխել Մոսկվա: Կխաղամ հանգիստ՝ առանց որևէ չարդարացված զոհերի»:

Գործակալության զրուցակիցը, զուգահեռներ անցկացնելով այլ խոշոր մրցաշարերի մասնակիցների կազմի միջև, ընդգծել է. «Տալի հուշամրցաշարի հետ կարող է համեմատվել միայն Տալի հուշամրցաշարը, այսինքն այն մրցաշարերը, որոնք ավելի վաղ անցկացվել են Մոսկվայում»:

«Քանի որ սա այնպիսի մրցաշար է, որտեղ չկան պատահական խաղացողներ», - ավելացրել է Արոնյանը: «Նույնիսկ եթե մասնակիցներից որևէ մեկի վարկանիշը ցածր է, օրինակ ինչպես եղավ չինացի Վան Խաոյի մոտ կամ այս տարի ռուս Յան Նեպոմնյաշչիի մոտ է, այնուամենայնիվ նրանք սպառնալի ուժ են ներկայացնում: Նրանց վարկանիշի և խաղի որակի միջև ինչ-որ անհամապատասխանություն կա, նրանք շատ ուժեղ խաղացողներ են»:

Հայաստանի հավաքականի առաջնորդը նշել է, որ Մոսկվայում անհանգստանալու է «այն տղաների համար, ովքեր վերջերս մասնակցել են Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը (Իվանչուկ, Սվիդլեր, Կարյակին, Նեպոմնյաշչի)»:

«Մենք հենց հինգ շախմատիստ ենք հինգի դեմ, նրանք, ովքեր չեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը (Կառլսեն, Անանդ, Կրամնիկ, Գելֆանդ, Նակամուրա): Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կընթանա մեր ինքնատիպ միկրոհանդիպումը», - նշել է գրոսմայստերը:

Մոսկվայում անցկացվող մրցաշարը, որը կավարտվի նոյեմբերի 25-ին, վերջին տարիներին աշխարհում ունի մասնակիցների ամենաբարձր միջին վարկանիշը (2776 միավոր) և դասվում է ամենահեղինակավոր, բարդության  XXII կատեգորիային:-0-