Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան) Չեխիայի թիմի հետ վաղվա կայանալիք խաղում կփորձի հարձակողական ֆուտբոլ խաղալ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Նազարյանը:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում հանդիպում կունենա Չեխիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 15-ին՝ Եվրոպական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ուելսի թիմի հետ:
«Վաղը մենք պետք է փորձենք նույն ոճում խաղալ, ինչպես ազգային հավաքականը»,- նախընտրական խաղից առաջ հրվաիրված ասուլիսի ժամանակ ասաց Նազարյանը: Ըստ նրա, մտահոգող խնդիրներ կամ հարցեր չկան:
«Ավելի լավ է նոյեմբերին խաղանք, քան մարտին, այժմ ֆուտբոլիստների մոտ հոգնածություն չի նկատվում, խաղացողները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն, լավ են տրամադրված հոգեբանական առումով»,- նշեց հայկական հավաքականի մարզիչը:
Նազարյանը նշեց, որ համաձայն է այն կարծիքի հետ, որ խմբի ֆավորիտը Չեխիան է, «սակայն դա չի նշանակում, որ ֆավորիտները պետք է միշտ հաղթեն»:
«Չեխիան բավական շարժուն, կազմակերպված և արագ թիմ է, բայց ի տարբերություն չեխական թիմի մարզչի, ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը որոշիչ է, քանի որ առաջիկայում դեռ չորս խաղ կա»,- ավելացրեց նա:
Խոսելով Հայաստանի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունների մասին, Նազարյանը նշեց, որ այդքան հեռու չի նայում, և այժմ նրա բոլոր մտքերը վաղվա խաղով են զբաղված:
Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկան) Եվրոպայի առաջնության ընտրական երրորդ խմբում առաջին տեղը կիսում է խմբի ֆավորիտ Չեխիայի հավաքականի հետ: Երեք խաղերի արդյունքում այդ թիմերը յոթական միավոր ունեն:
Չորս խաղերի արդյունքում վեցական միավորով երրորդ և չորրորդ տեղերը կիսում են Չեռնոգորիայի և Ուելսի հավաքականները: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Անդորրայի հավաքականը, որը պարտվել է բոլոր չորս խաղերում: -0-