Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու բռնցքամարտիկներ Հովհաննես Բոչկովը (56 կգ) և Արթուր Խաչատրյանը (81 կգ), ովքեր հանդես են եկել սեպտեմբերի 27-ին և 28-ին` Բաքվում անցկացվող Աշխարհի առաջնությունում, պարտվել են մոնղոլ և իրանցի հակառակորդների հետ պայքարում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ֆեդերացիան հայտնել էր, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով ուրբաթ Բաքու ժամանած Հայաստանի բռնցքամարտի հավաքականն անվտանգության մեջ է, համաձայն ադրբեջանական կողմի երաշխիքների:
Գործակալության զրուցակիցը պատմեց նաև, որ սեպտեմբերի 29-ին կկայանա 69 քաշային կարգի հայ երրորդ բռնցքամարտիկ Սամվել Մաթևոսյանի մենամարտը մոնղոլ բռնցքամարտիկի հետ:
Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում Բաքու են մեկնել ութ բռնցքամարտիկներ:
Վիճակահանության արդյունքների համաձայն, որոշվել են մյուս բռնցքամարտիկների հակառակորդները` Հովհաննես Դանիելյանը (49 կգ) միանգամից հայտնվել է Առաջնության 1/8-ում և կհանդիպի նախորդ ռաունդների հաղթողներից մեկի հետ, Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) ռինգ դուրս կգա հոկտեմբերի մեկին ամերիկացու հետ, սեպտեմբերի 30-ին Հրաչիկ Ջավախյանի հակառակորդ (64 կգ) կդառնա գերմանացի մարզիկը, Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) ռինգ դուրս կգա հոկտեմբերի մեկին 85 ռաունդների հաղթողի հետ:
Աղբյուրն ավելացրեց, որ հայկական հավաքականի ութերորդ բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը 91 կգ քաշային կարգում մարզումների ընթացքում վնասվածք է ստացել և դուրս է մնացել առաջնությունից: -0-