Հռչակավոր խորհրդային շախմատիստ, աշխարհի վեցերորդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկը հարուստ ժառանգություն է թողել, որից օգտվել են աշխարհի բոլոր հետագա չեմպիոնները, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է հայտնի հարավսլավացի շախմատիստ Բորիսլավ Իվկովը:
Խորհրդային շախմատային դպրոցի լեգենդ Միխայիլ Բոտվիննիկը օգոստոսի 17-ին կդառնար 100 տարեկան: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2011 թվականը Բոտվիննիկի տարի է հռչակել:
«Ես միշտ ասում եմ, որ Միխայիլ Բոտվիննիկը ողջ դարաշրջանն անձնավորող շախմատիստ է», - ասել է Իվկովը: «Նախորդ տարիներին մոտավորապես այդպես անում էին Վիլհելմ Ստեյնիցը, Էմանուիլ Լասկերը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան և Ալեքսանդր Ալյոխինը: Նրանք բոլորը հռչակավոր մարդիկ են: Եվ Բոտվիննիկին հաջորդող աշխարհի ամեն մի չեմպիոն որևէ բան վերցրել է նրանից: Բոլորը Բոտվիննիկից են սովորել շախմատ խաղալ՝ և Ռոբերտ Ֆիշերը, և Անատոլի Կարպովը, և Գարի Կասպարովը»:
Գործակալության զրուցակիցն ավելացրեց, որ Բոտվիննիկը տարբերվում էր շախմատի շատ խորը իմացությամբ և բաց թողած սխալներից դասեր քաղելու ունակությամբ:
«Միխայիլ Բոտվիննիկը մի կողմից ուներ հազվագյուտ տաղանդ, մյուս կողմից՝ բացթողոմները վերլուծելու ունակություն», - նշել է Իվկովը: «Նա զիջեց Միխայիլ Տալին, հաշվի առավ բաց թողած սխալներն ու հաղթեց կրկնակի հանդիպման ժամանակ: Զիջեց Վասիլի Սմիսլովին, վերլուծեց անհաջող պահերն ու կրկին հաղթեց: Նա շատ լավ հոգեբան էր»:
«Իսկ եթե խոսենք Միխայիլ Բոտվիննիկի մասին շախմատից դուրս, ապա նա շատ համեստ և ազնիվ մարդ էր», - եզրափակել է Իվկովը:-0-