Երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարին «ոսկի» է նվաճել «Քեթրին» սուսերամարտի ակումբի ներկայացուցիչը
Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ը կայացած երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարին ոսկե մեդալ է նվաճել «Քեթրին» սուսերամարտի սան Արփինե Աթոյանը։
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները։
Հայ մասնակիցները բերել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքով՝ սուսերամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված էին Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաները։
«Ճկասուսեր» մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը, իսկ Հասմիկ Աղաբաբյանը գրավել է 3-րդ հորիզոնականը։ «Խոցասուսեր» մարզաձևում Էմմա Պողոսովան արժանացել է բրոնզե մեդալի։
«Ստացած մեդալների քանակը վկայում է, որ հայ մասնակիցները լավ են ելույթ ունեցել»,- ասաց Ա. Մադոյանը` նշելով, որ չնայած դրան, սպասելիքները մրցաշարից ավելի շատ էին։
Ըստ նրա, հայ ներկայացուցիչների խնդիրը հիմնականում այն էր, որ նրանք մյուս մասնակիցներից տարիքով ավելի փոքր էին։
Մադոյանը նաև նշեց, որ Հայաստանում սուսերամարտի ավանդույթները գնալով ավելի ամուր հիմքերի վրա են դրվում։ Երեխաների շրջանակում այն ավելի մեծ տարածում է գտնում։ Նա նաև ավելացրեց, որ ոլորտը զարգացնելու համար պետք է հնարավորինս շատ մրցաշարերի մասնակցել։ -0-