«Ամբեր» շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ

19.03.2009, 16:24
«Ամբեր» շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ

Նիցայում անցկացվող «Ամբեր» շախմատային գերմրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Երկու պարտիայում էլ՝ և «արագ», և «կույր» շախմատում, ոչ-ոքի է գրանցվել։ 

Այժմ Արոնյանը 5 միավորով Ալեքսանդր Մորոզևիչի (Ռուսաստան) հետ կիսում է 2-3 տեղերը։ 5,5 միավորով մրցույթը գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, ով չորրորդ տուրում 2-0 հաշվով հաղթել է չինացի Վան Յուեին։

«Ամբեր» ավանդական մրցաշարում «կույր» և «արագ» շախմատային խաղին մասնակցում է աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստեր՝ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ Հնդկաստանից, Լևոն Արոնյանը՝ Հայաստանից, Ալեքսանդր Մորոզևիչը՝ Ռուսաստանից, Վեսելին Տոպալովը՝ Բուլղարիայից, Վասիլի Իվանչուկն ու Սերգեյ Կարյակինը՝ Ուկրաինայից, Մագնուս Կառլսենը՝ Նորվեգիայից, Թեյմուր Ռաջաբովը՝ Ադրբեջանից, Պետեր Լեկոն՝ Հունգարիայից, Վան Յուեն՝ Չինաստանից, Գատա Կամսկին՝ ԱՄՆ-ից:

Չորս տուրերից հետո մրցաշարային դրությունն այսպիսին է. 1-ին տեղում է Կրամնիկը՝ 5,5 միավորով, 2-3-րդ տեղերում՝ Արոնյանն ու Մորոզևիչը՝ 5 միավորով, 4-6-րդ տեղերում՝ Կառլսենը, Ռաջաբովը, Տոպալովը՝ 4,5 միավորով, 7-8-րդ տեղեր՝ Անանդը, Լեկոն՝ 4 միավորով, 9-րդ տեղում է Կամսկին՝ 3,5 միավորով, 10-11-րդ տեղում՝ Կարյակինը, Իվանչուկը՝ 3 միավորով, 12-ում՝ Վան Յուեն՝ 1,5 միավորով։ --0--