Վիկ Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Քրիստիան Միխարեսին նոյեմբերի 1-ի մենամարտում

15.10.2008, 16:00
Վիկ Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Քրիստիան Միխարեսին նոյեմբերի 1-ի մենամարտում
Վիկ Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Քրիստիան Միխարեսին նոյեմբերի 1-ի մենամարտում

 Առաջին գերթեթև քաշային կարգում IBF չեմպիոն Վիկ (Վախթանգ) Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել միևնույն քաշային կարգում WBA-ի և WBC-ի տիտղոսակիր Քրիստիան Միխարեսին միավորող մենամարտի ժամանակ, հայտնում է allboxing.ru ինտերնետային կայքը։    

Բռնցքամարտի պատմության մեջ առաջին գերթեթև քաշային կարգում միանգամից երեք գլխավոր տիտղոսների համար անցկացվող առաջին մենամարտը կկայանա նոյեմբերի 1-ին ԱՄՆ Քարսոն քաղաքում։  

«Ես նրան նոկաուտի կենթարկեմ, այդտեղ ոչ մի կասկած չկա։ Ես ռինգ դուրս կգամ ոչ թե պարզապես հաղթելու, այլ նրան նոկաուտի ենթարկելու»,- հայտարարել է 32-ամյա Դարչինյանը անցած երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես գիտեմ, որ հանդիսատեսի մեծամասնությունը ինձ դեմ է լինելու, բայց մենամարտի վերջում նրանք բոլորն իմ կողմը կանցնեն»,- ասել է բռնցքամարտիկը։    

Նա հայտարարել է, որ Միխարեսի հետ մարտի ժամանակ պատրաստվում է բոլորին ցույց տալ իր հարվածի հզորությունը։ «Ես գիտեմ նրա թուլությունները և կօգտվեմ դրանից։ Ես հաղթանակ կտանեմ ոչ թե այն պատճառով, որ նա վատ բռնցքամարտիկ է, այլ որովհետև ես շատ ավելի լավն եմ»,- նշել է Դարչինյանը։

Իր հերթին 27-ամյա Միխարեսը վստահություն է հայտնել իր հաղթանակում՝ հայտարարելով, որ հեշտությամբ հաղթանակ կտանի Դարչինյանի նկատմամբ, որը միշտ բռնցքամարտում է միևնույն ձևով։  

«Դարչինյաննայդքան շատ խոսում է միայն այն պատճառով, որ վախենում է ինձանից։ Խորխե Արսեն էլ էր շատախոսում, բայց ես նրա բերանը փակեցի։ Դարչինյանի հետ ես նույնը կանեմ»,- ասաց Միխարեսը։

Նա վստահ է, որ կհաղթի Դարչինյանին միավորների բավականին մեծ տարբերությամբ։ «Դարչինյանը չեմպիոն է, և դա հարգանքի է արժանի, սակայն նա խոցելի է։ Նոնիտո Դոները ապացուցեց դա՝ նոկաուտի ենթարկելով նրան»,- ավելացրել է մեքսիկացի մարզիկը։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնունդով Հայաստանից է, 2001 թ.-ից պորֆեսիոնալ բոքսում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), արժանացել «Կատաղի ցուլ» անվանը։

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը անցկացրել է 31 մենամարտ։ Նա ունի 30 հաղթանակ, որոնցից 24-ը նոկաուտ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն:

27-ամյա մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում 41 մարտ կա, որոնցից 36-ում նա հաղթանակ է տարել (15-ը նոկաուտով)։  -0-