Սկանդալ և ցմահ որակազրկումներ ՀՖՖ–ում. նախագահի խոսքով` կայացվել է բացառիկ որոշում

03.07.2020, 21:08
Սկանդալ և ցմահ որակազրկումներ ՀՖՖ–ում. նախագահի խոսքով` կայացվել է բացառիկ որոշում
Սկանդալ և ցմահ որակազրկումներ ՀՖՖ–ում. նախագահի խոսքով` կայացվել է բացառիկ որոշում
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին:

ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:

Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:

ՀՖՖ նախագահի արձագանքը

Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Նրա խոսքով, հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։

«Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին», – հայտարարել է Մելիքբեկյանը։

Նա ավելացրել է, որ գործընթացն այսքանով չի ավարտվելու։

«ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։ Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,– ընդգծել է Մելիքբեկյանը։–0–