«Մոդայիկ» սկանդալ շախմատում. Կարլսենին հեռացրել են արագ աշխարհի առաջնությունից (ՎԻԴԵՈ)

28.12.2024, 22:28
Նորվեգացի գրոսմայստեր և արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հեռացվել է Նյու Յորքում ընթացող աշխարհի առաջնությունից․ ՎԻԴԵՈ
«Մոդայիկ» սկանդալ շախմատում. Կարլսենին հեռացրել են արագ աշխարհի առաջնությունից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նորվեգացի գրոսմայստեր և արագ շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հեռացվել է Նյու Յորքում ընթացող աշխարհի առաջնությունից՝ դրես կոդը խախտելու համար։

Սկանդալն առաջացել է այն պատճառով, որ Կարլսենը 9-րդ տուրին մասնակցելու համար եկել է ջինսե տաբատով, ինչն արգելված է դրես կոդով։ Նրան խնդրել են փոխել հագուստը ռաունդների միջև ընդմիջման ժամանակ և շարունակել խաղը, սակայն Մագնուսը հերթական պարտիային դուրս է եկել նույն տեսքով։ Այդ ժամանակ կազմակերպիչները որպես պատիժ նրան որակազրկել են 9-րդ տուրից, Կարլսենը չի դիմացել ու դուրս է եկել առաջնությունից։

Gotham Chess պորտալին տված հարցազրույցում Կարլսենն ասել է, որ այլևս գործ չի ունենա ՖԻԴԵ-ի հետ և չի մասնակցի այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։

«Ես չափազանց հոգնել եմ ՖԻԴԵ-ից։ Բավական է: Այլևս չեմ ուզում նրանց հետ որևէ ընդհանուր բան ունենալ։ Ներողություն եմ խնդրում հեռուստադիտողներից։ Սա միգուցե հիմար սկզբունք է, բայց չեմ կարծում, որ զվարճալի է»,- ասել է շախմատիստը։

Նա կարծում է, որ խնդիրը միայն դրես կոդը չէ. ՖԻԴԵ-ն պարզապես բծախնդրություն է ցուցաբերում նրա նկատմամբ The Freestyle Chess G.O.A.T Challenge մրցաշարի հետ կապված իրավիճակի պատճառով, որը կազմակերպել է ինքը՝ Մագնուսը: Fischer Chess-ի այս մրցաշարը տեղի կունենա փետրվարին։

Կարլսենի խոսքով՝ ՖԻԴԵ-ն շախմատիստներից պահանջել է պայմանագիր չկնքել Freestyle-ի հետ՝ սպառնալով թույլ չտալ մասնակցել աշխարհի առաջնության ցիկլին։ «Իմ համբերությունն ավարտվել է, եթե նրանք ուզում են առաջ տանել իրենց կանոնները, լավ։ Ես պարզապես կհեռանամ, գնացեք․․․», - Take Take Take YouTube-յան ալիքին տված հարցազրույցում Կարլսենը անպարկեշտ արտահայտություններ է արել ՖԻԴԵ–ի հասցեին։

Աշխարհի առաջնությունում որակազրկման սկանդալից հետո Կարլսենը կրել է կարմիր և սպիտակ շորտեր նորվեգական VG հեռուստաալիքին տված հարցազրույցում։