ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 750մլն 192 հազար դրամ «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը Հայաստանում նախատեսված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար, որը կկազմակերպվի մայիսի 21–31–ը Երևանում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Այսօր կայացած կառավարության նիստի ժաանակ նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարաի խոսքով, բռնցքամարտի ռինգերի, տանձիկների և ձեռնոցների ձեռքբերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման անդամավճարի և հաշվողական համակարգի տեղափոխման ու սպասարկման համար 2022 թվականի փետրվարի 17-ին կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային է հատկացվել 77 միլիոն 768 հազար դրամ։
Դումանյանը հայտնել է, որ նշված գույքը ձեռք է բերվել, և դրանց մի մասը արդեն գտնվում է Լարսի անցակետում։
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750 միլիոն 192 հազար դրամ գումար, որը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակներում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացման, գովազդային և տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության և մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Դումանյանը։
Նախարարի խոսքով՝ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով տարվող աշխատանքների ծավալը, որոշում է կայացվել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին և առանց խոչընդոտների կազմակերպել և իրականացնել միջոցառումը։
Նա նաև ավելացրել է, որ համադրելով գին-որակ-ներկայանալիություն-փորձ հարաբերակցությունը՝ միջոցառման իրականացնող է ընտրվել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։
«Առաջնության
ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրներից 400 անձանց մասնակցություն՝ 280 մարզիկ
և նրանց ուղեկցող անձնակազմ և պատվիրակներ։ Այդ
առաջնությունն իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում
երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին
մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,-
ընդգծեց նախարարը։–0–