Երևանում «Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի

03.05.2016, 17:56
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները:
Երևանում «Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հանդիպել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները:

Նա լսել է բոլորի կարծիքները, իր հերթին առաջարկություններ արել:

Գագիկ Ծառուկյանը անձամբ էր ցանկություն հայտնել օգնելու «արարատցիներին» այս նախաձեռնության հարցում:

Ֆուտբոլիստների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնության սկզբից մինչև վերջ լինելու է նրանց կողքին և որ ամեն ինչ պետք է լեգենդար ֆուտբոլիստների սրտով լինի:

«Զրույցի ընթացքում որոշվել է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում են հարդարման աշխատանքները ավարտի հասցնել և որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը:–0–