ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ներկա է գտնվել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈւԵՖԱ–ի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը (վերջին երկուսի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են):
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ հանրապետության նախագահին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը և մյուս հարմարությունները, ինչպես նաև արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին:
Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ: Տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում:
Կբացվի շուրջ 40 աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:–0–