Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» մասին. մենք կհասնենք առաջատար քառյակին

09.02.2017, 15:21
Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անգլիայի առաջնության առաջատարներին հասնելու մրցավազքի և 3:0 հաշվով «Լեսթերի» նկատմամբ հաղթանակի մասին, որի ընթացքում նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» մասին. մենք կհասնենք առաջատար քառյակին

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անգլիայի առաջնության առաջատարներին հասնելու մրցավազքի և 3:0 հաշվով «Լեսթերի» նկատմամբ հաղթանակի մասին, որի ընթացքում նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Խփածս գոլից առաջ կային դժվարություններ: Օրինակ, չէինք կարողանում պաշտպանությունից նորմալ դուրս գալ: Ամեն ինչ կարգավորվեց, երբ փոխեցինք մարտավարությունը: Փառք Աստծուն, որ գոլ խփեցինք մինչև ընդմիջումը: Դա հեշտացրեց մեր առաջադրանքը: Սկսեցինք խաղալ 4-4-2 մարտավարությամբ, այնուհետև պետք է ձևափոխվեինք 4-2-3-1-ի: Խաղի ընթացքում մարզիչն ինձ հուշեց, որ հարկավոր է կենտրոն տեղափոխվել: Տեղափոխվեցի և արեցի այն, ինչ ինձնից պահանջվում էր», - նշել է Մխիթարյանը:

Լինգարդ. Մխիթարյանն ամենաշուտն է գալիս մարզումների, իսկ Պոգբան միշտ ուշանում է>>

Մխիթարյանի խոսքով, թիմին անհրաժեշտ էր այս հաղթանակը, քանի որ նրանք ցանկանում էին մոտենալ լավագույն քառյակին:

«Բոլորն էլ գիտեն, որ մենք 6-րդ հորիզոնականում ենք: Մենք պայքարում ենք, հաղթում, իսկ մարդիկ կարծում են, թե կա ինչ-որ մեկը, որի պատճառով մենք լարվում ենք: Մենք հետապնդում ենք նրանց և արդյունքում հասնելու ենք մեր նպատակին», - ասել է նա: 

Ֆուտբոլիստի խոսքով, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյուի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո թիմն ավելի ազատ և ավելի վստահ է սկսել խաղալ:

Մխիթարյան. Եթե խոսքը գումարի մասին լիներ, ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի» կտեղափոխվեի>>

«Այդքան էլ լավ չեմ հետևել «ՄՅՈւ»-ին վերջին 2-3 տարիների ընթացքում, սակայն կարող եմ ասել, որ հիմա ակումբն ավելի վստահ է իր ուժերին: Թիմը լավ փոխանցումներ է կատարում, գիտի` ինչպես պաշտպանվել և ինչպես հարձակվել: Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն ցույց ենք տվել որ կարողանում ենք գոլ խփել վերջին րոպեներին: Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, սակայն ապացուցում է, որ մենք չենք կորցնում կենտրոնացումն ու հույսը», - ասել է Մխիթարյանը:

Նա խոստովանել է, որ շատ հաճելի է, երբ մի ամբողջ տրիբունա վանկարկում է իր անունը. դա իր համար ավելի լավ խաղալու խթան է դառնում:

«Ես իմ աշխատանքն եմ կատարում, փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ: Օրինակ՝ տանել թիմն իմ հետևից: Բայց այդքան էլ կարևոր չէ, թե ով է իր հետևից տանում թիմը, կարևոր է, որ թիմն ունենա արդյունք», - ընդգծել է նա: -0-