ՀՀ–ում ՌԴ դեսպանություն. անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում

01.12.2020, 23:05
ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը ստանում է բազմաթիվ դիմումներ Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ
ՀՀ–ում ՌԴ դեսպանություն. անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ, նշվում է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

«Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը։

«Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: Կոնտակտային տվյալներ` ք. Երևան, Ուլնեցու 56/5, «Թեժ գծի» հեռախոսահամար - 81-35», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կիրակի ՀՀ մշակույթի գործիչները երթ էին կազմակերպել` աջակցելով անհայտ կորած և զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք նամակ էին փոխանցել ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը` խնդրելով օգնել վերադարձնել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։–0–