Ապացուցվել է, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը վերածվում է Ատլանտյանի
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Լեհաստանի, Գերմանիայի և Նորվեգիայի գիտնականները ցույց են տվել, որ ժամանակի ընթացքում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյան օվկիանոսին: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում, հաղորդում է lenta.ru-ն:
Մասնագետները նկատել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Եվրասիական ավազանում տեղի ունեցող ջրի ուղղահայաց միախառնվումը ժամանակի ընթացքում ավելի շատ է հիշեցնում Ատլանտյան օվկիանոսի՝ սառույցից ազատ ջրերում տեղի ունեցող գործընթացները:
Հեղինակների կարծիքով, դրան նպաստում են ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառցե ծածկույթի մակերեսի կրճատման ռեկորդային բարձր տեմպերը: Մասնավորապես, 2011 թ.-ի ամռանը Եվրասիական ավազանի գրեթե ողջ արևելյան հատվածը ազատվել էր սառույցից:
Ինչպես նշում է պարբերականը, գիտնականները կարծում են, որ այդ տարածաշրջանում զարգանում է այսպես կոչված թույլ շերտավորության վիճակը, երբ սառույցի ավելի բարակ շերտը նպաստում է ջրի էլ ավելի միախառնմանը: Նման եղրակացությունների գիտնականները հանգել են՝ հետազոտելով երկու օվկիանոսներում տեղի ունեցող փոփոխությունները: Դրա համար գիտնականները օգտվել են 2013-2015 թթ.-ին հավաքված արբանյակային տվյլաներից, որոնք թույլ են տվել գնահատել սառույցի հաստությունը, ինչպես նաև Արկտիկայում առկա խարսխավոր լողանների համակարգերը:
Գիտնականները կարծում են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող չազդել տարածաշրջանի էկոհամակարգի վրա: -0-

