Թեհրանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը․ Իրանի ԱԳ նախարար

25.03.2025, 16:07
Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թեհրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության
Թեհրանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Թեհրանը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, Երևանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման», – ասաց Արաղչին իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Արաղչիին ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացն ու խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ վերջին զարգացումները։

«Կրկին ընդգծել եմ, որ Հայաստանը հետամուտ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որի կարևոր փուլը կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի ստորագրումը», – ասաց Միրզոյանը։

Նա բարձր գնահատեց Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և նրա ինքնիշխանության հարցում։

«Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր երկու պետությունների միջև սահմանների անձեռնմխելիությունն ունի կենսական կարևորություն», – ասաց Միրզոյանը։