Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ․ ՀՀ ԱԳՆ

11.08.2020, 20:04
Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել․ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը
Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ․ ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Նա նշել է, որ Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: 

Загружается новость ... "Лево"
«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից»,-ասել է Նաղդալյանը: 

Նա ընդգծել է, որ Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: 

Ըստ Նաղդալյանի՝ Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից  թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը: 

«Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում»,- ասվում է ԱԳՆ խոսնակի պատասխանի մեջ: 

Նաղդալյանի կարծիքով՝ միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար:-0-