Սարգսյանը պատասխանել է Ալիևին. «Ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից, ինչպես Ադրբեջանը»

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհում և ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից՝ թե քաղաքականապես, թե տնտեսապես, թե ռազմական տեսանկյունից, ինչպես Ադրբեջանը, այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը:
Իլհամ Ալիևը ՌԲԿ-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհում ոչ մի երկիր այնքան կախված չէ Ռուսաստանից, որքան Հայաստանը:
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ ունեն: Դա երկու ժողովուրդների փոխհարաբերություններ են, որոնք ունեն վստահության մեծ պատմություն:
« Ցավոք, կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հսկայական է, և սա բացասական գործոն է այս պատերազմում: Սա բացասական գործոն է դարձել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհին»,- նշել է նախագահը: -0-