Ռուսաստանի իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում, սակայն հեղափոխություն չի լինի. հայ փորձագետ

15.12.2011, 15:10
Ռուսաստանի իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում, սակայն հեղափոխություն չի լինի. հայ փորձագետ
Ռուսաստանի իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում, սակայն հեղափոխություն չի լինի. հայ փորձագետ

Այսօրվա դրությամբ ռուսական իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում, սակայն երկրում հեղափոխություն չի լինի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ռուսաստանում տասը տարվա ընթացքում նման մեծաթիվ հանրահավաքներ չեն եղել: Եթե մայրաքաղաքներով դատենք, ապա սա ռեժիմի լուրջ ապալեգիտիմացում է:  Դա բոլորովին չի նշանակում, որ հեղափոխություն է լինելու կամ որ ընտրությունները չեղյալ են համարվելու, բայց ուժեղ լեգիտիմությամբ ավտորիտար առաջնորդն ու թույլ լեգիտիմությամբ ավտորիտար առաջնորդը շատ տարբեր բաներ են: Իսկ Ռուսաստանում լեգիտիմության ռեժիմը չափազանց ցածր է»,- ասաց նա:

Ըստ Իսկանդարյանի, 1999թ.-ի հետո այնպիսի տպավորություն էր, որ Ռուսաստանում իրոք ինչ-որ լուռ հասարակական պայմանագիր է գործում, և մարդկանց մեծ մասը պատրաստ էին հանուն ինչ-որ նյութական շահերի զոհաբերել իրենց  քաղաքական ազատությունների մի մասը:

«Իհարկե, միշտ եղել են նրանք, ովքեր դեմ են եղել դրան, սակայն նրանք բավական մարգինալ մարդիկ էին, մտավորականությունը, այլախոհները, քաղաքական ընդդիմությունը: Այժմ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հասարակական պայմանագիրը, եթե չի վերացել, ապա չափազանց խախտվել է»,- նշեց քաղաքագետը: -0-