Գերմանական Մագդեբուրգ քաղաքի թեմը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, թե եպիսկոպոս Դր. Ֆայգեն իբրև հայտարարել է, որ հայերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ԳԴՀ հայկական համայնքի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի վերջին մի քանի ադրբեջանական կայքերում (սեպտեմբերի 16-22-ը՝ Շտուտգարտ քաղաքում հայկական մշակույթի օրերի կազմակերպման նախօրեին) ռուսերեն լեզվով հոդված է հայտնվել՝ գերմանացի եպիսկոպոս. «Հայաստանը պետք է լքի օկուպացված ադրբեջանական տարածքները»: Հոդվածում պնդում էին, որ եպիսկոպոս Դր. Ֆայգեն հայտարարել է, որ «հայերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
«Այն փաստը, որ տվյալ հաղորդագրությունը հրապարակվել է ռուսերեն լեզվով, խոսում է այն մասին, որ ռուսալեզու լսարանին մոլորության մեջ գցելու փորձ է արվել, առաջին հերթին՝ սեփական ադրբեջանական ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն` ԳԴՀ-ի հայկական համայնքը պաշտոնական նամակ է ստացել Մագդեբուրգ քաղաքի թեմի մամուլի ծառայության կողմից, որտեղ տեղեկացվում է, որ Մագդեբուրգում դաշնային կանցլեր դր. Անգելա Մերկելին Օտտո-Կայզերի անվան մրցանակի հանձնման արարողության շրջանակներում եպիսկոպոս Ֆայգեին մի մարդ է մոտեցել, ով որպես Ադրբեջանի կազմակերպության ներկայացուցիչ է ներկայացել:
«Ոչ այդ մարդու անունը, ոչ էլ կազմակերպության անվանումը եպիսկոպոսը չի հասկացել: Այդ մարդը (ամենայն հավանականությամբ` ԳԴՀ-ում ադրբեջանական համայնքի կենտրոնական խորհրդի նախագահը) համառորեն խնդրել է եպիսկոպոսին իր կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի մասին: Նա (նկատի է առնվում եպիսկոպոսը) հրաժարվել է կարծիք հայտնել այդ թեմայով, քանի որ արդիական ինֆորմացիայի չի տիրապետում: Հիմնականում եպիսկոպոսը կարծիք է հայտնել, որ բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Ոչ մի հետագա հայտարարություն չի արվել»,- ասվում է նամակում: -0-