ԵԽԽՎ-ն փակել է Երևանում 2008թ.-ի մարտին տեղի ունեցած իրադարձությունների գործը

Հայաստանում հայտարարված համաներումը, 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան հետաքննությանն ուղղված նոր ազդակը և ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջև կառուցողական երկխոսության մեկնարկը նշանակում են, որ մարտյան իրադարձությունների գործը կարելի է վերջնականապես փակված համարել, նշվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նախօրեին Փարիզում ընդունվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձևի օրինագիծը, որը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:
Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը 18-էջանոց փաստաթուղթ են ներկայացրել, որտեղ ողջունում են իշխանությունների և բոլոր քաղաքական ուժերի քաղաքական կամքը՝ ուղղված խնդրի լուծմանը՝ ԵՄ չափորոշիչներին և հանձնարարություններին համապատասխան:
Հանձնաժողովում նշում են, որ 2008 թ.-ի իրադարձություններն ու նրանց հետևանքները բացահայտել են երկրի ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունները, որոնց թվում են՝ իրական, ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հուսալի ժողովրդավարական և բազմակարծիք քաղաքական մթնոլորտի ստեղծումը, որը կվայելի հայկական հասարակության լիարժեք վստահությունը, բաց և բազմակարծիք մեդիամթնոլորտի ստեղծումը, ոստիկանության և դատական համակարգի բարեփոխումները՝ այդ մարմինների իրական անկախության ապահովման նպատակով:
Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է նաև Հայաստանի իշխանությունների հետ ԵԽԽՎ-ի սերտ և կառուցողական համագործակցությունը:
Հայաստանում համաներումը հայտարարվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 26-ին հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:
Համաներմամբ ազատ արձակվածների թվում են նաև հայկական ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան, ովքեր դատապարտվել են 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործով:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:--0—