Հայաստանի ՄԿԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ կաջակցի վարչապետի թեկնածությանը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում աջակցելու է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԿԿ նախագահ Յուրի Մանուկյանը։
«Ոմանց մոտ լիբերալ քաղաքական գործչին աջակցելու կոմունիստների այս որոշումը զարմանք է հարուցում։ Սակայն, մենք շատ լավ ենք հիշում մեր երկրի 90-ական թվականների փլուզումը և կարծում ենք, որ Սարգսյանին աջակցելու մեր որոշումը քաղաքական դաշտում միասնականություն կապահովի»,- ասաց նա։
Բացի այդ, Մանուկյանի խոսքով, այս որոշումն ընդունվել է բազմաթիվ խորհրդակցություններից և ՄԿԿ-ի շարքային անդամների կարծիքն ուսումնասիրելուց հետո։ Նա նշեց, որ ավելի վաղ ՄԿԿ-ն դիմել էր Հայաստանի բոլոր կոմունիստական կուսակցություններին՝ կոչ անելով միավորվել և նախագահական ընտրություններին առաջարկել միասնական թեկնածու, սակայն առաջարկությունը մնացել է անպատասխան։
Այսօր Հայաստանում գործում են երեք կոմունիստական կուսակցություններ. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (20 հազ. անդամ) և Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ)։
Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։
Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։
Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ
Սարգսյանն է։ –0—