Պաշտպանության նախարարը անհետ կորած զինծառայողների հարազատներին ներկայացրել է որոնողական աշխատանքների ընթացքը

16.12.2020, 21:35

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ ծավալվող աշխատանքների ծավալներն ավելացել են:

Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ: -0-